Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի դատավարության հարցով Հայաստանը կդիմի ՄԻԵԴ, Հանրային հեռուստատեսությանը հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատավարությունն սկսվել է մայիսի 26-ին՝ Սումգաիթում։
Նրանց Ադրբեջանը մեղադրում է «պետական սահմանն ապօրինի հատելու», «ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնության փորձի», «ահաբեկչություն ծրագրելու», «զենք-զինամթերքի մաքսանենգության մեջ»։
«Մենք կարծում ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են։ Դեռ 2021 թվականին մեր հայրենակիցների նկատմամբ նման ակնհայտ ապօրինի դատավարություններ ու դատավճիռներ էին կայացվել։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր դիրքորոշումները»,-ասաց Կիրակոսյանը։
Կիրակոսյանը նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական երկրորդ գանգատը վերաբերում է գերիների նկատմամբ անօրինական դատավարություններին, մարդու իրավունքների խախտմանը և ազատությունից ապօրինի զրկելուն։
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումին, սակայն մանրամասներ չի հայտնել: Նա հայտնել է, որ ՄԻԵԴ-ը ստացված մեկնաբանությունների վերաբերյալ պատասխաններ ներկայացնելու համար Հայաստանին մինչև հուլիսի 10-ը ժամանակ է տվել։
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: