Մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են, ասված է ՀՀ ՄԻՊ-ի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ հայտարարության մեջ։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից»,-ասված է հայտարարության մեջ։
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ Բաքվի գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:
«Զինծառայողները գերեվարվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից»,- նշված է հայտարարության մեջ։
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո։
Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող) 2023 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։ Ավելի ուշ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: