2023 թվականի հուլիսի 8-ին Ջրվեժ գյուղում գտնվող ռեստորաններից մեկի մոտ գազային զենքով անչափահասներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քերական վարույթ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«2023 թվականի հուլիսի 8-ին` ժամը 00:22-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ջրվեժ գյուղում գտնվող ռեստորաններից մեկի մոտ անհայտ անձինք երեխաներին հրավիրել են ռեստորանից դուրս և նրանցից երեք հոգու գազային զենքով վնասվածքներ հասցրել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն, սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երեք անչափահասները ճանաչվել են տուժող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ դեպքի օրը, անձանական հարցերի պարզաբանման նպատակով, նախապես պայմանավորվածության համաձայն, անչափահասների և մի խումբ անձանց (նախնական տվյալներով՝ ևս անչափահասներ) միջև վիճաբանություն է սկսվել, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի։ Այդ ընթացքում անչափահասների հետ վիճաբանողներից մեկը, ավտոմեքենայից վերցնելով օդաճնշիչ ատրճանակը, կրակոցներ է արձակել նրանց ուղությամբ՝ երկուսին պատճառելով մարմնական վնասվածքներ: