«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի օրենսդրական նախաձեռնությամբ՝ մինչև 18 տարեկան անձանց կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորը։
Նախաձեռնությունը հիմնավորվում է նրանով, որ էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը կոֆեինն է և դրանց մեկ տարրայում անհամեմատ ավելի շատ է (80-500մգ), քան առկա է մեկ գավաթ սուրճի մեջ (100մգ): Էներգետիկ ըմպելիքները ունեն նաև շաքարի բարձր պարունակություն՝ դրա բոլոր բացասական հետևանքներով։
«Էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ակնհայտ բացասական ազդեցություն է ունենում անչափահասների և՛ վարքագծի, և՛ առողջության վրա»,- գրել է պատգամավորը:
Նշվում է, որ հաշվի առնելով միջազգային փորձը (ԱՄՆ-ի որոշ նահանգներ, Ֆրանսիա, Լատվիա և այլն), համաձայն որի էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչև 18 տարեկան անձանց արգելված է, անհրաժեշտություն է առաջացել պարզելու ՀՀ քաղաքացիների կարծիքը վերոնշյալ ապրանքատեսակների հետագա ազատ վաճառքի նպատակահարմարության վերաբերյալ: