ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագաhի պաշտոնից զրկելու հիմնավորումները։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, լինելով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագաh, 100 հազարավոր քաղաքացիների արժանապատությունը վիրավորելով անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել՝ իր գործունեությամբ նպաստելով դրանց կրկնությանը»,- իշխող ուժի հիմնավորումները ներկայացնելով՝ ասաց Աղազարյանը։
Վերջինս նշեց, որ ՔՊ-ն այդ պաշտոնում թեկնածու չի առաջադրելու։ «ՔՊ-ն պատրաստակամ է դիտարկելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն»,- ասաց նա։
Խորհրդարանական ընդդիմությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման մեկնարկից առաջ լքեց ԱԺ դահլիճը։
ԱԺ արտահերթ նիստից առաջ՝ հուլիսի 11-ին, Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտոնազրկման հարցը: Նա ներկայացրել էր իր հիմնավորումները։
Հուլիսի 10-ին ՔՊ-ն ներկայացրել էր Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագիծը։ Ըստ նախագծի՝ Թովմասյանին պաշտոնից հեռացնելու համար կա մի քանի պատճառ։ Որոշման նախագծում նշված է, որ ԱԺ գործունեության ընթացքում անցկացված 46 խորհրդի նիստերից պատգամավորը մասնակցել է միայն 8-ին։ Բացի այդ, ըստ նախագախի, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լինելու հետ մեկտեղ Թովմասյանը բազմիցս անտարբեր կեցվածք է դրսևորել հազարավոր ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու և ատելության խոսքի նկատմամբ, ինչով նպաստել է դրանց կրկնությանը։
Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ՔՊ-ի ծրագրերի մասին ԶԼՄ-ները հայտնել էին դեռ մայիսին։ Թովմասյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ է դարձել 2021 թվականի օգոստոսին։
Մանրամասները՝ տեսանյութում։