ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել, Armenia Today-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ քրեական հետապնդում է հարուցվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), ինչպես նա ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նախկին նախարար Սարգսյանի հանձնարարությամբ 2018-ին նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Վիգեն Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամների մեղադրանք է առաջադրվել:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր իրեն հասցեագրված մեղադրանքին։ Նա ընդգծել էր, որ Դատախազությունը զրկել է օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից։