Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ, հայտնել է Գլխավոր դատախազությունը:
Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝
-20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում,
-2 տրանսպորտային միջոց,
-Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում,
-Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր,
-Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ,
-Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել: