ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ազատել են ԵՊՀ-ում դասախոսի աշխատանքից։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Պետրոսյանը՝ նշելով, որ իր ազատման մասին ոչ ոք չի ծանուցել, այլ աղբյուրից է տեղեկացել։
«Ինձ աշխատանքից ազատելու վարկածները խիստ նախնական կլինեն, քանի որ ես չեմ ստացել ազատման մասին հրաման, որոշում, գրություն»,- ասաց նա՝ նշելով, որ համապատասխան հարցում կուղարկի համալսարանի ռեկտորին՝ պատճենն ուղարկելով ֆակուլտետի ղեկավարին ու ամբիոնի վարիչին։
Պետրոսյանն ասաց, որ իր ազատման հետ կապված 2 վարկած ունի։ «Առաջինը՝ որ 27 տարի իրավագիտության այն դասախոսն է եղել, ում չեն կարողացել հարկադրաբար գնահատական նշանակել տալ, պարտադրել այսպես կամ այնպես վարվել։ Ես վարվել եմ Կրթության մասին ՀՀ օրենքի և համալսարանի կանոնադրության շրջանակներում։ Այսինքն ուսանողներին վերաբերվել եմ ըստ իրենց գործնական, գիտական ունակությունների։ Որպես անկառավարելի դասախոս՝ ես հավանաբար այլևս ձեռնտու չէի»,- ասաց նա։
Երկրորդ պատճառն, ըստ նրա, կարող են լինել իր քաղաքական հայացքները։ «Գիտեք իմ քաղաքական կեցվածքը և գիտեք, որ համալսարանի ռեկտորն իշխանական թևի ներկայացուցիչ է։ Գուցե և իշխանության նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը նույնպես ազդել է դրա վրա»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ ՀՀ-ում աշխատանքային իրավունքի գծով միակ դոցենտն է, գրքերի միանձնյա հեղինակ, որը երբևէ որևէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, այլ հակատակը՝ խրախուսվել նախկին ռեկտորների կողմից մեդալով ու հուշագրով՝ որպես բարեխիղճ դասախոս, իսկ ուսանողների հետ եղել է լիակատար համերաշխություն։
«Ես անպայման դատական կարգով վիճարկելու եմ։ Թեև 38 000 ՀՀ դրամ եմ ստացել, սակայն մասնագիտական պատվախնդրության խնդիրն է, ես չեմ ներում իմ պատվի հետ խաղացողներին»,- ասաց Պետրոսյանը։