ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հուլիսի 18-ին Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«18.07.2023թ.-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում տեղ է ունեցել 5 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ խոշոր ավտովթար՝ մասնավորապես, իրար են բախվել Այգեվան գյուղի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, Արալեզ գյուղի բնակչի վարած «Գազել» մակնիշի, Փոքր Վեդի գյուղի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի, Արարատ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի և Փոքր Վեդի գյուղի բնակչի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ»,- գրել է նա։
Նշվում է, որ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշվում է, որ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանցից ևս երկուսը՝ ուղևորներից 43-ամյա տղամարդը և ԲՄՎ-ի 25-ամյա վարորդը, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել են: