Ստեփանավան քաղաքում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է, իր Facebook-յան էջում հայտնել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
««Հայաքվե» համակիրը քաղաքապետարանի շենքում մարդկանց ուղղորդել է մասնակցել ստորագրահավաքին, որի արդյուքնում համայնքի ղեկավարը մեր աշխատակցին՝ Հասմիկ Կոնստանդյանին, հրամայել է դուրս գալ շենքից։ Վերջինս կապ է հաստատել ինձ հետ, ասել եմ, որ պահանջը իրավական ուժ չունի, հետևապես՝ տարածքը լքելու հիմք չկա»,-ասել է նա՝ նշելով, որ իրենց աշխատակիցն այս պահին շենքում չէ, իսկ քաղաքապետի ու փոխքաղաքապետի հետ չի հաջողվելկապ հաստատել։
Մենուա Սողոմոնյանը հայտնել է, որ այս պահին համայնքապետարանի ներկայացուցիչը ևս տեղում չէ։
«Կանգնեցնում ենք նախաձեռնության ստորագրահավաքի ընթացքը։ Հիմա մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում»,-հայտնել է նա՝ իրավասու կառույցներին, այդ թվում՝ ՄԻՊ-ին հորդորելով ընթացք տալ տեղի ունեցածին։
Հունիսի 29-ին «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հայտնել էր ստորագրահավաքը խոչընդոտելու դեպքերի մասին։ Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը 86 600 քառ. կմ ներառում է Արցախը։ «86 600 քառ. կմ ընդգրկում է Արցախը, բայց միաժամանակ ասում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- ընդգծել էր վարչապետը։ Հաջորդ օրը Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր «Ազատ Արցախ-Հայաստան հանրաքվե» շարժման ստեղծման մասին, որը կնախապատրաստի Հայաստանում հանրաքվե՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու քրեականացման հարցով։
Հունիսի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է շարժման հիմնադիրների խնդրանքը՝ օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրություն հավաքել։ «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռության ընդլայնված հավաքը մեկնարկել է մայիսի 23-ին։ Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։