Խոշոր չափերով շորթում կատարելու և դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Տիգրան Առաքելյանը, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«Տիգրան Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից 2023թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլի վերջին ուղիղ հեռարձակմամբ, հրապարակային, բոլորին հասանելի «youtube.com» ինտերնետային կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկություններ։ Այսինքն՝ համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտություններն օգտագործելով, դատավորի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տրամադրելու միջոցով նա օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Առաքելյանը, Վարդան Ղուկասյանի կողմից սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով, օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ՝ այդ կերպ նպաստելով Վ․Ղուկասյանի նպատակների իրականացմանը, ինչպես նաև տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին։
ՔԿ հաղորդմամբ՝ Առաքելյանը մեղադրվում է նաև մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։
«Տիգրան Առաքելյանը 2014 թվականին, նախնական համաձայնության գալով իր մտերիմ մի կնոջ հետ, խմբի կազմում մի տղամարդուց գոմարային պահանջ ներկայացնելու դիտավորությամբ, «Facebook» սոցիալական ցանցում իր կողմից ստեղծած և փաստացի շահագործվող «Arpine Avagyan» օգտատիրոջ կայքեջի միջոցով համացանցային շփման միջոցով մտերմիկ, ջերմ հարաբերություններ է հաստատել այդ տղամարդու հետ: «Skype» հավելվածի միջոցով համացանցային շփման ընթացքում նրա մտերիմ կինը տղամարդու հետ վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել տղամարդուն մերկանալ տեսախցիկի առաջ և տեսագրել, այնուհետև Առաքելյանը վերջինիս ներկայացրել է խոշոր չափի՝ 2.385.500 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով տեսագրությունը տարածել համացանցային տիրույթում, ինչը մերժվել է տղամարդու կողմից»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Առաքելյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը։
Հուլիսի 28-ին Քննչական կոմիտեն հայտնել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահներ Վարդան Ղուկասյանի (հայտնի «Դոգ» մականունով) և Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
Ավելի վաղ Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։