Դատարանը հրապարակել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և նրա հորը՝ Արմեն Սմբատյանին կալանավորելու միջնորդությունների որոշումները, Armenia Today-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նա հայտնեց, որ դատարանի որոշմամբ Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվել է, իսկ Արմեն Սմբատյանին կալանավորելու որոշումը դատարանը քիչ առաջ է հրապարակել։ Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ Արմեն Սմբատյանի խափանման միջոց է ընտրվել կալանքը։
«Երեկվա հաղորդագրության մեջ նշել էինք, որ Ա․ Պ․-ն՝ գործարարը, չի հայտնաբերվել։ Այսօր նա հայտնաբերվել է, ձերբակալվել ու նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-տեղեկարեց Մարտիրոսյանը։
Հուլիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Նշվել էր, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ: Ըստ դատախազության՝ վերջիններս 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Դատախազությունը նշել էր, որ պետությանը պատճառելվել է 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս։