Գործարար Ա.Պ.-ն, որն անցնում է Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով, կալանավորվել է 2 ամսով: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
Հուլիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Նշվել էր, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ:
Ըստ դատախազության՝ վերջիններս 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
Դատախազությունը նշել էր, որ պետությանը պատճառելվել է 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս։