2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հրազենային վիրավորումից մահացած նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի գործով մեղադրանք է ներկայացվել մարտական դիրքի ավագին, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված դիրքի ավագ, դասակի հրամանատար Տ․Ս․-ն, տեղեկանալով զինծառայող Ա․Հ․-ի կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին՝ վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի գնդացրով նրան մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու մասին, կատարել է հանցագործություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ։ Մասնավորապես, նա գնդացիրը դրել է Մ․Գրիգորյանի մարմնի կողքին, և նրա հրահանգով Ա․Հ․-ն համածառայակիցներին, մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել՝ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ դիրքի ավագ Տ․Ս․-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Հանցանք կատարած անձին աջակցելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով), հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և ներկայացվել է մեղադրանք:
Նշվում է միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան մասին։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ նշված քրեական վարույթով մեղադրանք է առաջադրվել Մուրադ Գրիգորյանի համածառայակից Ա․Հ․-ին, որի նկատմամբ դատարանի որոշմամբ ևս որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։