Ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի ևս մեկ քաղաքացի՝ Ռաշիդ Բեգլարյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Արցախի դատախազույթունը։
«2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանի առևանգման դեպքի առթիվ 02.08.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով (mարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը:
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Արցախի քաղաքացին մոլորվելու հետևանքով է ընկել ադրբեջանական վերահսկողության տակ։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մանրամասները։
Օգոստոսի 2-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը Armenia Today-ին հայտնել է, որ չի կարող մանրամասներ ասել գործի վերաբերյալ: «Սա միջանկյալ միջոց է արագ որոշման համար է, սակայն ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դատարանը պետք է որոշի»,- ասել է նա՝ հավելելով, որ գործի քննությունը դատարանում շարունակվի: