Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանը սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Հուլիսի 30-ին ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ էին նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:
Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին ու կանցկացվեն մինչև օգոստոսի 6-ը։ Հայաստանը 5 մարզաձևում կներկայացնի 19 մարզիկ։ Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: