Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
ՀՀ ՇՄՆ-ն հայտարարել է, որ գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ։
«Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է ՀՀ Արարարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման» վերաբերյալ Հայաստանին ուղղված Ադրբեջանի նամակը։ Հայաստանը չի համարում, որ Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն՝ պարտավոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նույն Կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնել նախատեսվող գործունեության վերաբերյալ»,-շեշտել են նախարարությունում։
ՀՀ ՇՄՆ-ն, ի պատասխան Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարի 2023թ․ հունիսի 7-ի հայտարարության, նշել է, որ գործարանը կառուցվում է բոլոր բնապահպանական ստանդարտներին և պահանջներին համապատասխան։ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարը հատարարել էր, թե, իբր, Երասխի գործարանի շահագործումը բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։
«Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակակոծելով շինհրապարակի ուղղությամբ։ Ադրբեջանի գործողությունները ծանր վնաս են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպես նաև զգալի նյութական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Հոդվածով ամրագրված պարտավորությունը, այն է՝ «Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ»: Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները»,-ընդգծել են ՀՀ ՇՄՆ-ում։
Հուլիսի 21-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել էր Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից հրապարակված բաց նամակին՝ դրանում տեղ գտած պնդումները որակելով ակնհայտ սուտ։
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել էր, որ երկու օտարերկրացի՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամմադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը վիրավորվել են, նրանց վիրահատել են։
Երասխում կառուցվող մետալուրգիական կոմբինատի սեփականատերեր՝ ընկերության հիմնադիրները՝ « Virtual Funding» և «CSE Global Investments» ամերիկյան ընկերությունները հայտարարել էին, որ գործարանի ադրբեջանական գնդակոծության շարունակությունը կդիտվի որպես «հարված ամերիկյան կապիտալին»։
Դիտե՛ք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժը Երասխի մետաղաձուլական գործարանի գնդակոծությունից հետո։