2008-2018թ․ ընթացքում ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկի պաշտոնատար անձը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ նշյալ բանկից հափշտակել է շուրջ 458 մլն. դրամ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Կ․Խ․-ն, ծառայողական գործունեության ընթացքում՝ 2015-2018թթ․ ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կազմել է արտերկրյա կամ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների հետ՝ ՓԲԸ-ի (բանկի) ծրագրային ապահովման տարբեր մոդուլների տեղայնացման, ներդրման և կարգաբերման, կամ սարքավորումների երաշխիքային սպասարկման, այդ սպասարկման ժամկետները երկարացնելու աշխատանքների կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր, որոնք կնքվել են Բանկի և այդ ընկերությունների միջև։ Այնուհետև պայմանագրերով նախատեսված աշխատանքներն իբրև թե կատարված լինելու վերաբերյալ կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա Բանկի կողմից այդ ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել են պայմանագրերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք հափշտակվել են Կ․Խ․-ի և այդ մասնավոր ընկերությունների անունից հանդես եկած, Կ․Խ․-ի հետ հանցավոր համաձայնությամբ գործած ՌԴ-ի, Չեխիայի, քաղաքացի հանդիսացող անձանց կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մասնավորապես, ռուսական «Ա․․․» ընկերության հետ կնքված պայմանագրերի միջոցով հափշտակվել է ընդհանուր 204.391.185,6 ՀՀ դրամին համարժեք 420.000 ԱՄՆ դոլար, Չեխիայում գրանցված «Բ․․․ Ե․․․․» ընկերության հետ կնքված կեղծ պայմանագրերով՝ ընդհանուր 160.489.445 ՀՀ դրամին համարժեք 333.250 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում գրանցված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի հետ կնքված կեղծ պայմանագրերի միջոցով՝ 93.225.370 ՀՀ դրամ գումար։
«Ձեռք բերված փաստերի հիման վրա Կ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ (փողերի լվացումը առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով), 277-րդ հոդվածի 2-րդ (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով), 457-րդ հոդվածի 2-րդ կետերով(փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով)։ Ներկայացվել է մեղարդանք և մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոփոխվել է գրավով՝ 6.100.000 դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել նաև «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Ն․Ս․-ի, Չեխիայում գրանցված ընկերության տնօրեն Յ․Դ․-ի, ՌԴ-ում գործող «Ա․․․» ՍՊԸ-ի տնօրեն Վ․Վ․-ի, ինչպես նաև՝ արտերկրում բնակվող ՀՀ մեկ, ինչպես նաև՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի նկատմամբ։ Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ, վերջիններիս շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։ Վերոնշյալ անձանցից մյուս 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։