ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է, իր Facebook-յան էջում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա տեղեկացրել է, որ Աշոտյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս։
Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր նախկին իշխող կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։
Դեռ 2022 թվականի նոյեմբերին Աշոտյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործով, որում նախկինում մեղադրանք էր առաջադրվել նաև ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միխայիլ Նարիմանյանին։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։