ՀՀ ՄԻՊ-ը հերքել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը։
«Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ Վ. Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը: Այդ հանգամանքը հաստատում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված և վերլուծված տեղեկատվությունը, որը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Վ. Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով»,-նշել են ՄԻՊ-ում։
ՄԻՊ-ում նշել են, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ, ՄԻՊ-ի փոխանցմամբ, վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ»,-նշել են ՄԻՊ-ում՝ ընդգծելով, որ Խաչատրյանի ազատությունից զրկումն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը։