«Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի օժանդակությամբ հափշտակվել է շուրջ 257 մլն. դրամ գումար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, Վարդենիս քաղաքի 52 և 39-ամյա բնակիչները, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերությունում, տարբեր ժամանակահատվածներում օժանդակել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետ Ա.Հ.-ի, նույն գործակալության երկու աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն:
«Աշխատակիցները գյուղերում բնակվող բնակիչների անվամբ (առանց վերջիններիս գիտության) կեղծ տվյալներ ընդգրկելով «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ իրենց կողմից սպասարկվող փոստային բաժանմունք, ստացված և իրենց մոտ գտնվող գումարները հանձնել են հիշյալ գործակալության աշխատակցին:
Այնուհետև ստացված գումարները նպաստառուների անվան դիմաց ստորագրություն կատարելու համար կեղծ տվյալներ պարունակող ցուցակները հանձնել են նույն աշխատակցին»,- հայտնում է ՔԿ-ն։
Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Հիշյալ աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար։