Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին արգելել են մուտք գործել Հայաստան, հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից։
«Վիկտոր Կրիվոպուսկովը համալրել է Հայաստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցանկը։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել նրան մուտք գործել Հայաստան»,- հայտնել են Միությունից՝ տեղեկացնելով, որ նա այսօր առավոտյան էր Մոսկվայից ժամանել Երևան։
TACC-ի թղթակցի հետ զրույցում Կրիվոպուսկովը հաստատել է, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։
«Ինձ թույլ չեն տվել մտնել երկիր, հայտարարել են Հայաստանի համար անցանկալի անձ լինելու մասին, վերցրել են անձնագիրս։ Պաշտոնական որևէ փաստաթուղթ ինձ չեն ներկայացրել, ասել են՝ այսօր վերադարձեք Մոսկվա»,- նշել է նա։
Վիկտոր Կրիվոպուսկովը 2009-2013 թվականներին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական է եղել։ Նա մի շարք գրքերի՝ այդ թվում՝ «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակն է։
Մարտի 7-ին հայտնի էր դարձել, որ ռուս լրագրող, «Նյուզ մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովի մուտքը Հայաստան արգելվել է։ 2022-ի հոկտեմբերին Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան ևս արգելվել է։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նախորդ տարվա հոկտեմբերին հայտարարել էր, որ իրեն նույնպես արգելել են մուտք գործել Հայաստան։