Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ, դատախազը նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
«Մ.Մ.-ն իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթով պարզվել է, որ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը:
«Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը: 2010 թվականի դեկտեմբերի 16-ին ՊՆ կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին»,- շեշտել են դատախազությունում։
Նշվում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
«Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին: Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք»,- նշել են դատախազությունում։
Մինասյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացում): Արարքը պատժվում է ազատազրկմամբ` մինչև տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Մինասյանի նկատմամբ դեռեւս 2020-ին քրեական հետապնդում էր սկսել Պետեկամուտների կոմիտեն՝ ապօրինի հարստացման մեղադրանքով: Ապա Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ քանի որ Ռուսաստանի իշխանությունները նրան չհանձնեցին ՀՀ իշխանություններին, նա մնաց Ռուսաստանում, սակայն չէր կարողանում հատել սահմանը և մեկնել որեւէ եվրոպական երկիր։ Մամուլը 2022-ի սեպտեմբերին գրել էր, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։