ՊՆ պաշտոնատար անձը պետբյուջեից շուրջ 2 մլն դրամ է հափշտակել, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես, Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Գ.-ն 2021 թ․ նոյեմբերին իր մտերիմներից մեկին հայտնել է, որ զորամասի կաթսայատանն առկա է երկու սեզոնային աշխատակցի թափուր հաստիք, և եթե վերջինս ունի վստահելի մարդիկ, պատրաստ է նրանց աշխատանքի ընդունել: Տ. Գ.-ն տեղեկացրել է նաև, որ այդ անձինք փաստացի աշխատանքի չեն հաճախելու և յուրաքանչուր տարվա 4 ամսվա աշխատավարձը պահելու են իրենց, իսկ մյուս 8 ամսվանը՝ փոխանցելու են իրեն:
«Տ. Գ.-ի մտերիմը վերը նշված պայմաններով աշխատանքի ընդունվելու առաջարկը ներկայացրել է իր ծանոթներին, ովքեր համաձայնվել են՝ հետագայում աշխատավարձի գումարները փոխանցելով Տ. Գ.-ին, ով խաբեությամբ հափշտակել է դրանք՝ այդ կերպ պետությանը պատճառելով ավելի քան 1.951.000 ՀՀ դրամի գույքային վնաս»,- հայտնում է Կոմիտեն:
Նշվում է, որ Տ. Գ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախություն, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Տ. Գ.-ն լիովին ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու տվել խոստովանական ցուցմունքներ: Պետությանը պատաճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: