ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը, հայտնում է ՀՀ դատախազությունը։
«2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։ 2023 թվականի օգոստոսի 31-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։