ԱԺ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովիը դրական եզրակացություն է տվել նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում բոլոր դեպքերի համար վերացնել մահապատիժը, տեղեկանում են ԱԺ կայքից։
Խոսքը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը վավերացնելու նախագծի մասին է։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ներկայացնելովնախագիծը, նշել է, որ այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, որն ուժի մեջ է մտել 44 պետության համար:
«Հայաստանը մինչ այժմ չէր վավերացրել արձանագրությունը: Երկրորդ երկիրը, որ դեռեւս չի վավերացրել այն, Ադրբեջանն է»,-նշել է նա։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ, ցավոք, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարված ագրեսիայի շրջանակում բախվել ենք դեպքերի, երբ անձինք, ըստ էության, գնդակահարվել են առանց համապատասխան դատական ընթացակարգերի:
«Սա դիտարկվել է, դիտարկվում է և դիտարկվելու է որպես միջազգային հանցագործություն: Այս ընթացակարգը, որպես այդպիսին, արգելված է, և մեր հարևանները պետք է հստակ հասկանան, որ այս կարգի գործողությունները դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ»,-ասել է Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ այս հարցի քննարկման շրջանակում կարևոր է գտնել մի մեխանիզմ՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին։