Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից երկուսի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Էդգար Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը երկու մեղադրյալի մասով: Պարզվել է, որ Առինջ գյուղի 31-ամյա բնակիչը, 37 և 48-ամյա համագյուղացիների հետ համաձայնության գալով Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքի շուրջ, խմբի կազմում վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 48-ամյա համագյուղացու կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով գնացել են տուժողի` Երևան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով նրան»,-հայտնում է ՔԿ-ն:
Այնուհետև, ժամը 11:24-ի սահմաններում, երբ Ղազարյանը վերադարձել է տուն, 31 և 37-ամյա տղամարդիկ շենքի բակում հետևից մոտեցել և, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխի, դեմքի շրջաններին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով վնաս և դիմել փախուստի:
«Քննությամբ պարզվել է, որ 48-ամյա տղամարդը ոչ միայն օժանդակել է համագյուղացիներին՝ հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով միջոց տրամադրելով վերջիններիս, այլև Էդգար Ղազարյանի նկատմամբ գործադրված բռնության ողջ ընթացքը նկարահանել է բջջային հեռախոսով, որից հետո նույնպես դիմել է փախուստի»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ վերոնշյալ տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:
«37-ամյա տղամարդու մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, ինչպես նաև հայտարարվել հետախուզում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: