Գլխավոր դատախազությունն ուսումնասիրվել է Ռուսաստանից Հայաստան ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը (390 510, 36 ԱՄՆ դոլար), հայտնել է ԳԴ-ն:
2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները: Հայտնաբերվել են ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը, կազմվել են մաքսանենգության դեպքերի վերաբերյալ արձանագրություններ:
7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասով (մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն, որը կատարվել է սահմանված կարգով չհայտարարագրելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով):
2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով, այն է՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը (ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողության և մաքսային հայտարարագրման գործընթաց առհասարակ նախատեսված չէ):
7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արաքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը` պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև ութ տարի ժամկետով):