Հսկող դատախազի որոշմամբ Սերգեյ և Արմեն Սմբատյանները գրավի դիմաց ազատ են արձակվել, հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով: Հսկող դատախազի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Սմբատյանի նկատմամբ ևս կիրառվել է գրավ խափանման միջոցը՝ 100 մլն դրամի չափով, ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը»,- գրել է նա:
Հուլիսի 29-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ու նրա հոր՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ձերբակալության մասին։ Հուլիսի 30-ին դատարանը վերջիններիս կալանավորելու որոշում էր կայացրել։ Օգոստոսի 11-ին Քրեական վարույթով հսկող դատախազը մերժել էր Սերգես Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի խափանման միջոց կալանավորումը, նոր խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։