ՀՀ քննչական կոմիտեն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի և քվեարկության ընթացքում կատարված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր 10 հաղորդում է ստացել, որոնցից 8-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։
Քվեարկության ընթացքում ՔԿ-ն 2 հաղորդում է ստացել, որոնց ուսումնասիրության արդյունքում դրանց առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
«Մասնավորապես դրանցից 4-ը նախաձեռնվել են ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը, առավելագույն պատիժը ազատազրկում՝ երեք տարի ժամկետով), որոնք առնչվում են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պաստառները կամ այլ գույքը վնասելով քարոզչությանը խոչընդոտելուն։ Մյուս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույք ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով), որը վերաբերում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի նախընտրական պաստառը վնասելուն»,-հայտնում են ՔԿ-ից։
3-րդ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-րդ մասով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, կամ ընտրությանը, կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների, կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ երկու տարի ժամկետով), որը վերաբերում է այլ անձանց կողմից դիտորդի՝ իր դիտորդական աշխատանքների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն։
4-րդ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, պատժվում է առավելագույնը ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով)։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ վարույթը վերաբերում է նախընտրական շրջանում Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում մի խումբ անձանց միջև առերևույթ միմյանց հարվածներ հասցնելով ուղեկցված միջադեպին։
Սեպտեմբերի 17-ին Երեւանում անցկացվեցին ավագանու ընտրություններ։ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 824 250 քաղաքացիներից մայրաքաղաքի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.46%-ը՝ 234 553 քաղաքացի։
Ընտրություններին մասնակցել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (կուսակցական ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թեւանյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան), «Երկիր ցմահ» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Միացյալ Հայաստան» (Էրվանդ Թարվերդյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), « Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հայրենիքի զորություն» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան) և «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան):
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել էր, որ երեք կուսակցություն Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու իրական շանսեր ունի, բայց դժվար թե նրանցից որևէ մեկը հավաքի 50+1 ձայն։ Միաժամանակ նա չէր բացառել, որ որոշ ուժեր, որոնք կմտնեն ավագանի, կոալիցիա կկազմեն և դրանով իսկ կհաղթահարեն քաղաքային իշխանություն ձևավորելու և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ 50+1 ձայնի շեմը։
Սեպտեմբերի 12-ից 13-ը MPG/Gallup International Association-ի կողմից 802 հարցվածների մասնակցությամբ Երևանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն՝ երևանցիների 27%-ը դեռ չէր կողմնորոշվել քաղաքի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Հարցվածների 22,5%-ն ասել էր, որ կքվեարկի Տիգրան Ավինյանի օգտին, 14,3%-ը՝ Հայկ Մարությանին, 7,8%-ը՝ Անդրանիկ Թևանյանին, 5,7%-ը՝ Մանե Թանդիլյանին, 6,7%-ը՝ Արտակ Գալստյանին, 5,2%-ը՝ Արտակ Զեյնալյանին։ 9,9%-ը դժվարացել է պատասխանել, 11,6%-ը հրաժարվել էր հարցին պատասխանել։
Օգոստոսի 23-ին մեկնարկել էր ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը տևեց մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: