Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել ՄՔԴ Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ առաջարկությունն արվել է դեռ ապրիլին։
Ըստ նրա՝ համաձայնագիրը հնարավորություն կտա որոշակի երաշխիքներ ստեղծել մտահոգությունների համար, բացի այդ անիմաստ է խոսել ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալության մասին Հայաստան այցելելու դեպքում, քանի որ գործող նախագահները, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով։
«Պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Այն լուծումները, որոնք հիմնվում են կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է նաև երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե անգամ խնդիրներ կան, լուծումներ էլ կան։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը լիարժեք վավերացնելու է։ Նա նշել էր, որ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Սեպտեմբերի 13-ին պաշտոնական Մոսկվան Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը որակել էր որպես «ոչ բարեկամական գործողություն»։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը Ազգային ժողով էր ուղարկել ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծ։ Կանոնադրության նախագիծը խորհրդարան ուղարկելու կառավարության մտադրության մասին հուլիսի 22-ին հայտարարել էր Արդարադատության նախարարության ղեկավար Գրիգոր Մինասյանը։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել էր Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը կոչ էր արել Հայաստանի խորհրդարանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը։