ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը «ոչ բարեկամական քայլ» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Սակայն նա վստահ է, որ դա «չի կործանի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը»։
«Հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- գրել է Վորոբիևը Telegram-ի ալիքում։
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Նախագծին դեմ են քվեարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 ձայնը բավարար էր կանոնադրությունն ընդունելու համար։ Խորհրդարանի կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո այն պետք է ստորագրվի երկրի նախագահի կողմից և ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո։
Սեպտեմբերի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովն իր նիստում դրական եզրակացություն էր տվել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրինագծին և այն ուղարկել էր խորհրդարան։ Երևանը հայտարարել էր, որ այս քայլն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ ուղղված է քրեական հետապնդում իրականացնելու ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցիների նկատմամբ։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը լիարժեք վավերացնելու է։ Նա նշել էր, որ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Սեպտեմբերի 13-ին պաշտոնական Մոսկվան Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը որակել էր որպես «ոչ բարեկամական գործողություն»։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը Ազգային ժողով էր ուղարկել ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծ։ Կանոնադրության նախագիծը խորհրդարան ուղարկելու կառավարության մտադրության մասին հուլիսի 22-ին հայտարարել էր Արդարադատության նախարարության ղեկավար Գրիգոր Մինասյանը։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել էր Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը կոչ էր արել Հայաստանի խորհրդարանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը։