Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը տեղահանվելուց առաջ իր հետ վերցրել է բանկում առկա 60 մլն դրամը և 100 պարկ ոսկին, որոնք իրենից գողացել են, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ դեպքրի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հայտնելով ստացված ահազանգի մանրամասները՝ նա նշել է, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։
Աբրահամյանը հայտնել է, որ հաջորդ օրը առավոտյան կառավարիչը նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել է նշված գումարն ու ոսկյա զարդերը։
Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)։ ՔԿ-ից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն։