ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը 3 ամսով երկարացվել է, այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարել է դատավոր Վահե Դոլմազյանը՝ ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։
«Մեղադրյալ Արմեն Գևորգի Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունվարի 15-ը։ Որոշումը սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարանում»,- նշել է դատվորը։
Չընդունելով իրեն ներկայացված մեղադրանքները՝ ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ կալանքի թեման իր նկատմամբ անձնական վրեժխնդրությունն է․ «Արգելում են անգամ էրեխեքիս տեսնել»,- ասել է Աշոտյանը։
Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։ Օգոստոսի 15-ին Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր։
ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։