ՀՀ ՄԻՊ գրասենյակն արձանագրել է փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ Քննչական մարմիններ և Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու համար։ «Արձանագրված խնդիրներն ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։