Դատարանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն
Գեչատեսչության տվյալներով՝ Ա․Ղ․-ն և Ն․Ա․-ն ձեռքերով հարվածներ են հասցրել Կ․Շ․-ին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ: Ա․Ղ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ Ն․Ա․-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանական, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով թվով 10 անձ է ձերբակալվել։
Նախաքննությունը պարզել է, որ ձերբակալված անձանցից երկուսը՝ Ա․Ղ․-ն և Ն․Ա․-ն, տեսնելով տուժող Կ․Շ․-ին, վիճաբանել են վերջինիս հետ և, կապված Կ.Շ․-ի պաշտոնեական, քաղաքական գործունեության հետ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, ձեռքերով հարվածներ են հասցրել Կ․Շ․-ին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:
Դատարանի որոշմամբ Ա․Ղ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ Ն․Ա․-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Ձերբակալված մյուս 8 անձինք արգելանքից ազատ են արձակվել։
ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ Արցախի ներկայացուցչության շենքի մոտից բողոքի ակցիայի 10 մասնակից է ձերբակալվել։ Մեկ անձ՝ Կարեն Շահրամանյանը, ճանաչվել է տուժող։