Կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանով կալանավորվել է ամուսինը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նշվում է, որ 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Իրավապահ մարմինները քրեական վարույթ են նախաձեռնել առանձին դաժանությամբ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով։
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2023թ. հոկտեմբերի 22-ին՝ գիշերը, երիտասարդ ընտանիքի բնակության վայր հանդիսացող Դավիթ Բեկ փողոցի ջրամբարին կից հողատարածքում գտնվող վագոն տնակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ամուսինների միջև։ Դրա ընթացքում ամուսինը՝ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ հնչեցնելով սպանության սպառնալիքներ, մկրատով հարվածներ հասցնելով կնոջ դեմքի, կրծքավանդակի, ձեռքերի և ոտքերի հատվածներին։
Այնուհետև լուծիչ նյութ է լցրել կնոջ վրա և կրակայրիչով այրել: Սակայն կինը վերմակով ծածկվելու արդյունքում կրակը մարել է, որից անմիջապես հետո դուրս է եկել վագոն տնակից և դիմել փախուստի: Կոմիտեն նաև հայտնում է, որ ամուսինը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: