Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանինը, ֆարսի ժանրից են, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում, X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա գրել է, որ երեկ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել:
«Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։ Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»,- գրել է Մարուքյանը։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։
Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ տրամադրել: Ներկայացված տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին: