Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա.Բ.-ն նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: «Մտավախություն ունենալով, որ վերջինիս ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, ճշտումներ է կատարել Զ.Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին նույն բնակավայրի բնակիչ Վ.Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացրել է նրան Զ.Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին»,- հաղորդում են կոմիտեից:
Պարզվել է, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում մեղադրյալները հարմարեցված բանալիով բացել են մուտքի դուռը՝ ապօրինի մուտք գործելով տուն: «Երբ միջանցքում Զ.Մ.-ն նկատել է նրանց, Ա.Բ.-ն բռունցքով հարվածել է կնոջ գլխին, և վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն դանակով հարվածներ են հասցրել Զ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Ընդհանուր առմամբ՝ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է: Կնոջ բղավոցներից միջանցք են դուրս եկել վերջինիս անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը և 12.06.2014 թվականին ծնված որդին: Համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը և ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային»,- նշում են կոմիտեից:
Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Բ.-ն սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած աղջիկ երեխայի հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ սպանելով երեխային:
Հանցագործները հափշտակել են ընդհանուր 940.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, ոսկյա խաչ, երեք հատ ոսկյա մատանի, 5000 ՌԴ ռուբլի, 20 Եվրո և մոտ 60.000 ՀՀ դրամ գումար և հեռացել տանից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին և Վ.Բ.-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ առանձին դաժանությամբ սպանության, անչափահասների սպանության, անչափահասի նկատմամբ սեռական բռնության գործադրման, ավազակության, քրեակատարողական հիմնարկում կտրող-ծակող կամ այլ գործիք պատրաստելու հոդվածներով:
Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
2022թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Դեկտեմբերի 7-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, փորձել է ներխուժել իր կնոջ ու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տուն և վերժխնդիր լինել մեղադրյալի ընտանիքից: