ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի և hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Հայցերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են մուտքագրվել հոկտեմբերի 26-ին։ Առիթով Տելեգրամի իր ալիքում Ալեն Սիմոնյանը գրել է․
«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան՝ մեկն Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ՝ վիրավորանքի հիմքով: Ի դեպ՝ Աննա Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Անժելա Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար, պետք չէր անցնել, տիկի՛ն:
Պետք է հասկանաք, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորել: Այօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում, միևնույնն է, խելոք ներողություն եք խնդրելու»,- գրել է Սիմոնյանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց էր ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ նաև 2022թ․ նոյեմբերին՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։