Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվել է, իր Facebook-յան էջում հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,-գրել է փաստաբանը։
Սեպտեմբերի 12-ին հսկող դատախազի որոշմամբ Սերգեյ և Արմեն Սմբատյանները, ընդհանուր առմամբ, 200 մլն դրամի գրավի դիմաց ազատ էին արձակվել։
Հուլիսի 29-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ու նրա հոր՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ձերբակալության մասին։ Հուլիսի 30-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել։ Օգոստոսի 11-ին Քրեական վարույթով հսկող դատախազը մերժել էր Սերգես Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի խափանման միջոց կալանավորումը, նոր խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հավելենք, որ 2019 թվականի սեպտեմբերից Սմբատյանը նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։