Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված արդարադատության ոլորտի մասնագետների աջակցության հարցը, հայտնում է նախարարությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, սոցիալական աջակցության, ինտեգրման հարցերում Նիդերլանդների Թագավորության կողմից աջակցության հնարավոր ուղղությունները։ Կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, մասնավորապես՝ արդարադատության ոլորտի մասնագետներին աշխատանքային հնարավորություններ ընդձեռնելու հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։