Նախքան Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, Մոսկվան այն շրջանցելու առաջարկություն էր արել Երևանին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պատասխանելով Lenta.ru-ի հարցմանը։
Հարցումը վերաբերում էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը, ըստ որի ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները, սակայն, իբր, պատասխան չի ստացել։
«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։ Նրանք հայտնել են, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։
«Երկկողմ խորհրդակցությունների ժամանակ ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ դատարանի մեխանիզմների կիրառման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու։ Նման պրակտիկա կա. ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվեցին»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
ԱԳՆ-ն նաև դժգոհել է, որ Երևանը «զուտ քաղաքական նկատառումներով» որոշել է վավերացնել Հռոմի ստատուտը։ «Եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ իր իսկ ձեռքով ստեղծված խնդիրների լուծման մեջ, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»,- հավելել է գերատեսչությունը:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը կանոնադրության վավերացումն անվանել էր «ոչ բարեկամական քայլ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ․ ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։ Սեպտեմբերի 28-ին Կիրակոսյանն ասել էր, որ Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ստորագրել համաձայնագիր՝ հիմնվելով Խարտիայի 98-րդ հոդվածի 2-րդ մասի վրա՝ կանոնադրության շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Նրա խոսքով՝ երկար ամիսներ շարունակ բանակցություններ են վարվել ռուս գործընկերների հետ՝ կապված Հայաստանի մտադրությունների հետ՝ վավերացնել կանոնադրությունը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ ամիսներ առաջ ԱԳՆ խողովակներով ՌԴ-ին առաջարկել են կնքել երկկողմ միջպետակական համաձայնագիր, որը բացառում է Միջազգային քրեական դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ ԱԺ փոխխոսնակը նշել էր, որ առաջարկի վերաբերյալ ՌԴ-ից դեռ արձագանք չեն ստացել։