ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Արցախի (Վիրաբյան) համար երաշխավորություններ են տվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը:
Փաստաբանը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը՝ ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու է կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից:
Բաբայանը հայտնել է, որ ունենալով շուրջ 20 օր ժամանակ՝ գործող իշխանությունը դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը:
«Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին»,- ընդգծել է փաստաբանը:
Տաթևիկ Վիրաբյանն Արցախից է, պատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխա, որոնց հիմա խնամում է տատը։ Նա բերման է ենթարկվել սեպտեմբերի 19-ին՝ Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Իրավապահները հիմնավորում են, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին, մասնակցել է զանգվածային անկարգություններին, սոցցացնցերում բռնության կոչեր է հնչեցրել։
Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, պատասխանելով Տաթևիկ Վիրաբյանին կալանավորելու դատարանի որոշման մասին հարցին, վստահեցրել էր, որ ՀՀ դատական համակարգն անկախ է, դատավորների նկատմամբ գործադիրը որևէ ներգործություն չունի: