Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևան համայնքին պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ Զախարյանը, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Երվանդ Զախարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիզորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Երվանդ Զախարյանը Երևանի քաղաքապետ է եղել 2003-2009 թվականներին։