Բաքվի դատարանը Հակարիի կամրջին ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով կալանավորված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։
Խաչատրյանը չի ընդունել մեղադրանքները և խնդրել է արդարացնել իրեն: «Ես անմեղ մարդ եմ, այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել»,- ասել է նա:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։
Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ տրամադրել: Ներկայացված տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:
Վագիֆ Խաչատրյանի դեմ գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին: