Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն Վագիֆ Խաչատրյանի ազատազրկմանը, X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները»,- ընդգծել է Մանասյանը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվի դատարանը Հակարիի կամրջին ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով կալանավորված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Նշվում էր, որ 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ պատժի մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Խաչատրյանը չի ընդունել մեղադրանքները և խնդրել է արդարացնել իրեն: «Ես անմեղ մարդ եմ, այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել»,- ասել է նա: