2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով, գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ»,- գրել է նա։
Փաստաբանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջ․ Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել։
Ջալալ Հարությունյանը պաշտպանության նախարար, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի փետրվարի 24-ին։ Հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ծանր վիրավորվել և ՊԲ հրամանատարի պաշտոնում փոխարինվել է Միքայել Արզումանյանով։
2021 թ․ փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
2022թ. սեպտեմբերի 2-ին Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք էր ներկայացվել, նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
2023 թվականի հունիսի 12-ին Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել էր։