Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ՝ մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացվեց մինչև 2024 թվականի փետրվարի 11-ը (3 ամսով)։
Դատարանը մերժեց մեղադրյալների պաշտպանների կողմից ներկայացված իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու և այլ խափանման միջոցներ կիրառելու միջնորդությունները։
Տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի խնդրանքով գործով հաջորդ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2024 թվականի հունվարի 18-ին։
Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումն ստացվել էր 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: Անմիջապես հիշյալ հասցե էր մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
2022թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանները ձերբակալել էին Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել էր կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել էր նախաքննական մարմնին: Դեկտեմբերի 7-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, փորձել էր ներխուժել իր կնոջ ու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տուն և վերժխնդիր լինել մեղադրյալի ընտանիքից: