Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ապօրինի զենք պահելու, խուլիգանական դրդումներով այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, մեկ անձի միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար Տիգրան Խաչատրյանին կալանավորել են, Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա պարզաբանել է, որ Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող մարմնին նեկայացվելուց հետո ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Տ․ Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։
Դատարանի որոշմամբ Խաչատրյանը կալանավորվել է։
«Տ․ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից,- մանրամասնել է Աբրահամյանը:
Խաչատրյանը հայտաբերվել էր 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ Երևան քաղաքում։ Նշենք, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Նոյեմբերի 9-ին ՔԿ-ից հայտնել էին, որ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանին ձերբակալել են։ 2022-ի հունիսին ՔԿ-ն հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։